Երբ ընդդիմությունը լսում է, որ իշխանությունը հողեր է հանձնում՝ տխրում է ու ափսոսում։ Երբ իմանում է, որ այսուայն իշխանավորները թալան են անում՝ թախծում է ու վշտանում։ Երբ տեսնում է, թե իշխանավորը ոնց է սողում ու նվաստանում Ալիևի ու էրդողանի առաջ՝ չարախնդում է ու զվարճանում։ Բայց երբ հանկարծ լսում է, որ իրենից պահանջում են մանդատները դնել՝ միանգամից խուճապի մեջ է ընկնում, արագ մոբիլիզացնում իր «կարող» ուժերը, սկսում հիմնավորել, որ դա վատ միտք է, որ դա ոչինչ չի տա, որ դա ձեռնտու է միայն նիկոլին, էնվերին ու նեթանյաուհին։
Ախր, տղերք, որ էս քրչախմբին ոչ մի կերպ հնարավոր չի քերել իրենց աթոռներից՝ դա մենք վաղուց ենք հասկացել, բայց դուք, որ ի վիճակի չեք հրաժարվել նույնիսկ մանդատներից, դրա ուժով երբեմն-երբեմն մարդամեջ, կիպրոս-միպրոս դուրս գալուց՝ բա վաղը ձե՞զ ոնց ենք քերելու աթոռներից։
Եկեք թարկեք ձեր էդ «հիմնավորումները» ու մի պահ պատկերացրեք․ ասենք, թե դուք չկաք խորհրդարանում, ու այնտեղ մնացել է միայն ալենը՝ իր շիրակ-միրակներով։ Ի՞նչ եք կարծում՝ էդ տեսակ խորհրդարանին աշխարհը ո՞նց է նայելու, ու էդ տեսակ խորհրդարանը քանի՞ շաբաթվա կյանք է ունենալու։ Դու՛ք, դուք եք այն սոսինձը, որ քրչախմբին զոդած է պահում աթոռին ու բյուջեին։
Կարո Վարդանյան